Լուրեր
ՀՀ Սփիւռքի Նախարարութիւնը կը շնորհաւռրէ Կեդրռնականի 125ամեակը
Պոլսի Կեդրոնական վարժարանը 125 տարեկան է
Բարձրագույն կրթական այս հաստատությունը հիմնվել է 1886-ին Կոստանդնուպոլսի Ղալաթիո թաղամասում` պատրիարք Ն. Վարժապետյանի և հայ մտավորականության առաջավոր ներկայացուցիչների ջանքերով: Նպատակն էր սաներին տալ հայեցի կրթություն, Պոլսի և գավառների հայկական դպրոցների համար ուսուցիչներ պատրաստել:
Այստեղ դասավանդել են այնպիսի հեղինակավոր անձինք, ինչպիսիք են Հովսեփ Շիշմանյանը /Ծերենց/, Թ. Կյուլեսերյանը, Պերպերյանը, Եղիշե Տեմիրճիպաշյանը, Հակոբ Պարոնյանը, Հակոբ Ասատուրը, Հակոբ Օշականը, Լևոն Շանթը, Վահան Թեքեյանը, Գարեգին Սրվանձտյանը և այլք: Դասավանդել է նաև Կոմիտասը:
Կեդրոնական վարժարանում ոչ միայն դասավանդել են երևելիները, այլև ուսանել են շատ գրողներ, գրականագետներ, լեզվաբաններ` Հրաչյա Աճառյանը, Հակոբ Սիրունին, Միսաք Մեծարենցը, Հակոբ Մնձուրին, Երուխանը և ուրիշներ:
Բազմաթիվ կեդրոնականցիներ հայրենադարձվել են և շարունակել իրենց գործունեությունը Հայրենիքում: 1947-ից Պոլսում հիմնադրվել է Կեդրոնականի Սանուց միությունը, որն իր մասնաճյուղերն ունի Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, Կանադայում: Այն իր գրական, թատերական, մշակութային բազմաբնույթ միջոցառումներով նպաստում է հայապահպանության գործին: Այդ հրաշալի միջոցառումներից էր նաև Խրիմյան Հայրիկի 190-ամյա հոբելյանի տոնակատարությունը, որը տեղի ունեցավ 2010թ. նոյեմբերին: Հանդիսությունը կրկնվեց Ֆերիգյուղում, Գատըգյուղում և վերջինը` 2011-ի հունվարի 15-ին, Պաքըրգյուղի Տատյան վարժարանի հանդիսությունների սրահում:
Նշանակալի իրադարձություն էր այս տարվա գարնանը ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի այցը Ազգային Կեդրոնական վարժարան, երբ նախարարը մեկնել էր Ստամբուլ` մասնակցելու Կանանց միջազգային համաժողովին: Վարժարանի տնօրեն Սիլվա Գույումճյանի և խնամակալության ատենապետ Հարություն Էպեօղլուի հետ նախարարը շրջեց վարժարանում, ուր ստամբուլահայերը ոգևորված սպասում էին Հրանուշ Հակոբյանին: Նրանք պատրաստել էին Երվանդ Օտյանի «Թաղականին կինը» բեմադրությունը, երգեր, պարեր, իսկ վերջում հուշանվերների փոխանակություն տեղի ունեցավ տնօրենի և նախարարի միջև: Սփյուռքի նախարարը շնորհակալություն հայտնեց այն հայերին, ովքեր Սփյուռքում պահում ու պահպանում են մայրենի լեզուն, հավատքը, մեր ազգային ավանդույթները, և նվերներ հանձնեց հայերենի ուսուցիչներին, դերակատար աշակերտներին:
Պոլսահայերը, մասնավորապես Կեդրոնականի ուսուցիչները, աշակերտները կարողանում են պահել, պահպանել մեր հոգևոր արժեքները և վարժարանն ավարտելուց հետո հեռանում` զինված բարձր գիտելիքներով, ինչպես խոստովանում է Դարա Խաչիկօղլուն. «Հիմա ավելի հետաքրքիր եմ կյանքի օրվա դեպքերու հանդեպ: Կեդրոնական հաճախելով` թե´ համայնքեն չհեռացա, թե´ մեր մշակույթի և պատմության մասին ավելի ընդարձակ տեղեկություն ունեցա»:
Իսկ Սարվեն Կեօզյուրքչյուքը գրում է. «Ահա վարժարանիս ինծի սորվեցուցած ամենակարեւոր բանը` աշխատիլ, աշխատիլ…»:
Ազգային Կեդրոնական վարժարանը բոլորում է իր հիմնադրման 125-ամյակը: Թե´ հնօրյա, թե´ նորօրյա վարժարանը Ստամբուլում գործող հայկական առաջնակարգ կրթական հաստատությունն է համարվում և շարունակում է նախնյաց ավանդույթները` հիմնավորապես կրթելով հայորդիներին:
Տարեցտարի Ստամբուլում կրճատվում են հայկական դպրոցները: Ազգային Կեդրոնական վարժարանն իր վաղեմի և այժմյան համբավով մնում է դեռևս կայուն և նախընտրելի:
«Ստամբուլում գործող հայկական 16 կրթօջախների ճակատագիրը անկանխատեսելի է. պոլսահայերից շատերը արտագաղթում են, մի մասը նախընտրում է իրենց երեխաներին տալ թուրքական, անգլիական, գերմանական դպրոցներ, որտեղ կրթական որակն ավելի բարձր է և զգալիորեն հեշտացնում է հետագայում համալսարաններ ընդունվելու հարցը»,- գրում է Ռուբեն Մելիքյանը:
Այս պարագայում Ազգային Կեդրոնական վարժարանը ազգահավաք, լեզվապահպան մեծ դեր է կատարում. աշակերտների առավելագույն շարժ կա դեպի Կեդրոնական: Բարձր է ուսման մակարդակը, որի շնորհիվ աշակերտների 95%-ը ընդունվում է իր ընտրած համալսարանը: Կեդրոնականը ժամանակի հոլովույթում պահել ու պահպանել է իր ուրույն դիմագիծը այնպես, ինչպես Թուրքիայի տարածքում գտնվող սակավաթիվ եկեղեցիները, որոնք չեն ավերվել, չեն զրկվել խաչից ու պատարագից:
Հայկական կրթօջախները աշխարհի բոլոր ծայրերում օազիսներ են, փրկության հանգրվաններ, որոնց շնորհիվ հայորդիների շուրթերից չեն կորչում մեր այբն ու չեն մոռացվում Նարեկացին ու Կոմիտասը չի փոշիանում մեր ազգային ինքնությունը:
Son Eklenenler
- ՀՀ Սփիւռքի Նախարարութիւնը կը շնորհաւռրէ Կեդրռնականի 125ամեակը
(Լուրեր) - Կեդրոնականը Պօղազիչիի Բեմին Վրայ
(Լուրեր) - ՀՀ Սփիւռքի Նախարար Հրանոյշ Յակոբեանի այցելութիւնը
(Լուրեր) - 132ամեակ բնագէտ Այնշթայնի
(Ձեռնարկներ / Հանդէս - Տօնախմբութիւն) - Ազգ. Կեդրոնական Վարժարանի ի նպաստ սարքուած Սիրոյ Սեղան
(Լուրեր) - 190ամեակ Մկրտիչ Խրիմեանի
(Ձեռնարկներ / Հանդէս - Տօնախմբութիւն) - Կենսաբանութիւն
(Ազդեր / Աշակերտաց)


